Պայմանագրային զինծառայողը 370 դոլարով գաղտնի տեղեկություններ է վաճառել. ԱԱԾ

Պայմանագրային զինծառայողին ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը:
ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվել նրա կողմից։
2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում նա իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է փոխանցել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ։ Այդ ամենի դիմաց բանկային 3 փոխանցումներով ստացել է 370 դոլար՝ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ԱԱԾ–ն պետական դավաճանության հերթական դեպքն է բացահայտել. տեսանյութ
Պայմանագրային զինծառայողին ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: