ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ նորվեգական կողմի հստակ ու հասցեական դիրքորոշումը չափազանց կարևոր է։ Այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ վարչապետը մանրամասն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ԼՂ մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտին։
«Վարչապետը կարևորել է տիկին Հյութֆիլդտի այցը Հայաստան, ինչը նոր ազդակ կհաղորդի հայ-նորվեգական քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանը Նորվեգիայի արտաքին գործերի նախարարին հայտնել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն իսկ գտնվում է Հայաստանում։ Քննարկման փուլում է նաև ԵԱՀԿ դիրտորդական առաքելության՝ Հայաստան գործուղելու հարցը:
Նորվեգիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանի սուվերենությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումների օրակարգին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտին։
Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի մասին:
Հիշեցնենք, որ Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը Հայաստանում է աշխատանքային այցով։
Նա այսօր արդեն հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։