ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ցանկանում է ևս մեկ անգամ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և դա անել հնարավորինս շուտ։ Այս մասին նա ասել է լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գրոսին հավելել է, որ հնարավոր է համարում մինչև տարեվերջ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու մասին համաձայնության ձեռքբերումը:
«Ես կարծում եմ, որ դա հնարավոր է։ Մենք շատ լավ երկխոսություն ենք ունեցել նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու հետ։ Կարևոր է, որ ԱԷԿ-ի պաշտպանության համար հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիր լինի։ Պետք է շարունակել աշխատել»,-նշել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը։
Գրոսին հոկտեմբերի 11-ին հանդիպել է Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահը նրան առաջարկել է քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան բաց է բոլոր հարցերի լուծման համար։
Սեպտեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը գործակալության գլխավոր տնօրենի գլխավորությամբ այցելել էր կայան:
Կազմակերպությունն ամփոփիչ զեկույց էր հրապարակել, որում կոչ էր արել դադարեցնել կայանի և նրա շրջակայքի գնդակոծությունները, քանի որ դա կարող է հանգեցնել կարևոր սարքավորումների վնասման և ռադիոակտիվ նյութերի անսահմանափակ արտանետման: ԶԱԷԿ-ում ներկայում ՄԱԳԱՏԷ-ի երկու ներկայացուցիչ է աշխատում։