ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը։
Այս մասին Միրզոյանն ասաց Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ ճեպազրույցի ժամանակ` ի պատասխան Sputnik Արմենիայի դիտարկմանը, թե Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանն ասում է, որ Լաչինի միջանցքը և «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենան նույն կարգավիճակը։
«Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս կոմպոնենտն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի իր անունից ասի։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը այդպիսի բան չի ասում և չի էլ կարող իրավացիորեն որևէ կողմ այդպիսի բան պնդել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Նա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, որտեղ խոսքը Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է։
«Ադրբեջանի և Նախիջևանի նոր կապուղու վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք, այն չի փոփոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն, այդ թվում գործող և ենթադրաբար նոր կառուցվողները։ Կգործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով, որ անցնում են»,-ասաց Միրզոյանը։
Նախարարը կարծում է, որ տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կավարտվեն։