Խախտումներ՝ երևանյան ավտոբուսների գնման ընթացակարգում. ՄՊՀ–ն վարույթ է հարուցել

Արխիվային լուսանկար
Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանը գնման ընթացակարգերի մասնակիցների համար անհավասար պայմաններ է ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ` 2021-22 թթ. ավտոբուսների գնման ընթացակարգում իրավախախտումներ կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Արձանագրվել է նաև տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտը մինչև տարեվերջ կհամալրվի 165 նոր ավտոբուսներով և 30 տրոլեյբուսներով: