ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ սահմանային առաքելության հարցով որոշում դեռ չկա։ Այս մասին այսօր ԱԳՆ–ում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով` Հայաստանը սպասում է որոշմանը, որը հավանաբար կընդունվի ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում։
«Մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից երկրները։ Մեզ նախևառաջ պետք է հասկանալ, թե որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա։ Իսկ դա ագրեսիան է ՀՀ-ի դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
Ավելի ուշ 2 անգամ Հայաստան ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։