ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության նոր պատժամիջոցների հետ կապված:
ԵՄ-ն երեկ` հոկտեմբերի 17–ին, պատժամիջոցներ է սահմանել 11 ֆիզիկական անձանց և չորս կազմակերպությունների դեմ` Իրանում բողոքի ակցիաները ճնշելու համար։
«Շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանվեն համապատասխան եվրոպական ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ»,-հայտարարել է Քանանին, որի խոսքը մեջբերում է իրանական գերատեսչության Telegram ալիքը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին և սեփական քաղաքական նպատակներին հասնելու գործիք։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Եվրամիության սահմանած պատժամիջոցներն անվանել է «ապակառուցողական ակտ»` հիմնված կեղծ տեղեկատվության վրա:
Իրանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են Մահսա Ամինի անունով աղջկա մահվանից հետո, որին սեպտեմբերի 13-ին Թեհրանում ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը։