Զենք վաճառող բոլոր երկրների, այդ թվում Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը Հայաստանի համար կարող է հեռանկարային լինել, պարզապես պետք է հաստատել համապատասխան հարաբերություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից զինամթերքի մատակարարման պայմանագրեր են ստորագրվել։ Գործարքի գումարը չի բարձրաձայնվում, սակայն հնդկական մամուլի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։ Պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։
«Հնդկական սպառազինությունն աշխարհում այդքան էլ տարածված չէ, թեև արտահանման բավականին մեծ ռեսուրս ունեցող երկիր է, որտեղ կան բավականին հետաքրքիր զինատեսակներ, օրինակ` Ռուսաստանի հետ համատեղ արտադրության հրթիռներ։ Սպառազինությունն առհասարակ արդյունավետ PR-ի դեպքում կարող է շատ լավ գնվել, ինչպես դա տեղի ունեցավ թուրքական «Բայրաքթար» կոչվող անօդաչու թռչող սարքերի պարագայում»,– ասաց փորձագետը։
Հայաստանը ստանալու է հիմնականում հրթիռահրետանային սպառազինություն, այդ համակարգերը բազմաֆունկցիոնալ են և կարող են տարբեր հեռահարության թիրախներ խոցել։ Խոսքը հիմնականում երկու տեսակի` 45 և 75 կիլոմետր տարածություն անցնող հրթիռների մասին է։ Դեռ պաշտոնապես հայտնի չէ, թե դրանցից որն մեկն է ձեռք բերել Հայաստանը, բայց ինչ վերաբերում է առհասարակ զինատեսակների արդյունավետությանը, ապա դա, ըստ փորձագետի, ակնառու երևում է պրակտիկ գործածության մեջ։
«Հնդկաստանը հիմնականում պաշտպանողական սպառազինություն է արտադրում, բայց հրթիռների տեսականին վկայում է նաև հարձակողական մարտավարության մասին։ Մասնավորապես այդ երկրի կողմից «օդ–երկիր» դասի հրթիռների արտադրության մեջ բավականին մեծ ու հետաքրքիր ծավալի աշխատանք է կատարվել։ Հնդկաստանն ունի նաև անօդաչու սարքեր, որոնք նույնպես կարելի է փորձարկել։ Այդ երկրի հետ, ինչ խոսք, պետք է աշխատել, պարզապես անհրաժեշտ է փորձարկել և իրականում տեսնել, թե այդ զենքն ինչպես է իրեն դրսևորում մարտի դաշտում»,– ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, թե որն է Հնդկաստանի շահագրգռվածությունը Հայաստանին զինամթերք վաճառելու հարցում, Ներսիսյանը մատնանշեց Պակիստանի անմիջական մասնակցությունը մեր տարածաշրջանի գործընթացներին` զորավարժություններին մասնակցելու, արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին անմիջականորեն աջակցելու տեսքով։ Փորձագետը հիշեցրեց, որ Պակիստանը նաև Հնդկաստանի հակառակորդն է և մինչ օրս չի ճանաչել Հայաստանի անկախությունը։
«Թուրքիա–Պակիստան–Ադրբեջան դաշինքը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ինչի արդյունքում մեր տարածաշրջանում կարող է բավականին վտանգավոեր դիսբալանս առաջանալ»,– ասաց Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020 թվականին։ Հայկական կողմն այդ ժամանակ մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել 4 Swathi տեսակի հակամարտկոցային ռադար։