ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Հյուսիային պողոտայի 14 սեփականատերերի գործը փակուղում է։ Դեռևս 2018 թվականի իրադարձություններից հետո Վրեժ Գսպոյանը և մի խումբ այլ սեփականատերեր դիմել են Պետական վերահսկողական ծառայություն (ՊՎԾ), որպեսզի իրենց սեփականության իրացման հարցով քննություն իրականացվի։ Դրանից հետո հարուցվել է քրգործ։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց գործի մանրամասները․
«Հյուսիային պողոտայի մի խումբ սեփականատերերի, այդ թվում՝ իմ վստահորդ Վրեժ Գսպոյանի գումարները հափշտակվել են, և իրենց փոխհատուցում է տրվել մի քանի անգամ քիչ գումարներ։ Ողջ Հյուսիային պողոտայի կառուցապատման ընթացքում մի գնահատող կազմակերպություն է եղել՝ «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ն, որը բոլոր սեփականատերերի գույքն ինքն է գնահատել՝ կամայական ձևով։ Այս ՍՊԸ-ն նույնատիպ գույքերը գնահատել է ահռելի մեծ տարբերություններով»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ քրգործը հարուցվել է կառուցապատող Ավետիս Կարագուլյանի նկատմամբ, որը խաբեությամբ և խարդախությամբ համաձայնության է եկել գնահատող կազմակերպության հետ, և քաղաքացիների գույքերը շուկայականից մի քանի անգամ էժան են գնահատել։
«4-5 ամիս անց մեղադրանք է առաջադրվել Կարագուլյանի նկատմամբ։ Փորձաքննությամբ հաստատվեց, որ Վրեժ Գսպոյաի գույքը պակաս է գնահատվել։ Որոշ ժամանակ անց նույն Ավետիս Կարագուլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Գործի վարույթը կասեցվել է, քանի որ չէին կարողանում ապացույցներ ձեռք բերել, որ Ավետիս Կարագուլյանը օգուտ է ունեցել։ «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ի նկատմամբ ևս որևէ հետապնդում չի սկսվել։ Քննչականը գտավ՝ ում կարող է մեղադրանք առաջարդել՝ ՍՊԸ-ի փորձագետ Սերգեյ Սաշիկյանին, որը մահացած է։ Գտնվում ենք այն փուլում, որ նրա նկատմամբ քրհետապնդումը կդադարեցվի՝ մահացած լինելու հիմքով»,-ասաց Հայրապետյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ բողոքարկել են Կարագյուլյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը, քանի որ նա միլիարդավոր դրամների օգուտ է ստացել։