ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները։ Տեղեկությունը հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը։
Գործը հաջողվել է «Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ուժերով` «Google» ընկերության հետ աշխատանքի արդյունքում։
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը սեպտեմբերի 29-ին Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգի հիման վրա պարզել էր, որ «Google Maps» և «Google Earth» հավելվածներում անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված Սյունիքի մարզի մի շարք դպրոցներ, այգիներ ու հրապարակներ։
«Օրինակ` «Որոտան» գետը նշված էր ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay», Սիսիանի զբոսայգին անվանակոչված էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված էր միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ էր արվել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise։ Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով էին նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում»,– նշված է հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նշվում է, որ այս արարքը ադրբեջանական իշխանությունների՝ Սյունիքն ադրբեջանական լինելու վերաբերյալ բացարձակ կեղծ թեզը ներկայացնելու եղանակ էր։ Ավելին, դրանով փորձ էր արվում լեգիտիմացնել ադրբեջանական հանցավոր ներխուժումները և հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։