ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԵԽԽՎ 47 պատգամավոր հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ու կից ներկայացրել է հայտարարության փաստաթուղթը։
Հայտարարությամբ ԵԽԽՎ պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
«Ադրբեջանը հարված է հասցրել նաև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Վերջին բախումները հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Կան խոշտանգումների վկայություններ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»,– նշված է հայտարարությունում։
ԵԽԽՎ պատգամավորներն անդրադարձել են նաև վերջերս համացանցում տարածված հայ ռազմագերիների սպանություններին. «Մենք դատապարտում ենք կանխամտածված սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը ռազմագերիների և գերեվարված հայերի նկատմամբ»։
Նրանք կոչ են արել Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ոտնձգություններից և մասնակցել բանակցային խաղաղ գործընթացին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։