Դելիմիտացան՝ երկուսուկես ամսո՞ւմ. Տաջիկստանում և Ղրղզստանում այն 20 տարի է շարունակվել

Սահմանասյուն
Եկեք անկեղծ լինենք։ Վերջին օրերի ամենազարմանալի իրադարձությունը, որը մի տեսակ անտեսված մնաց, Հայաստանի և Ադրբեջանի անսպասելի պայմանավորվածությունն է՝ մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագիր և իրականացնել սահմանի դելիմիտացիա։
Sputnik
Համենայնդեպս Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է. «Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն` մինչև տարեվերջ պայմանագիր ունենալ։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու»։
Լավ, պայմանագրի դեպքում այս շտապողականությունը մի կերպ կարելի է հասկանալ՝ մերոնք բազմիցս են հաստատել, որ Բաքվի առաջարկած կետերին չեն առարկում, Ադրբեջանն էլ կտրականապես մերժել է հայկական կողմի վերապահումները։ Այսինքն` պայմանագրի բովանդակությունը բավական կանխատեսելի է՝ ամենայն հավանականությամբ, լինելու է մոտավորապես այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում։
Բայց Անվտանգության խորհրդի քարտուղարի պնդումը, թե «մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու», բավական դժվար է հասկանալ։ Իհարկե, կարող եք հակադարձել, որ խոսքն ընդամենը սահմանազատման մասին է, որն իրականացնելու համար ամենևին պետք չի գնալ սահման և դրա ամեն հատվածում սյուն տեղադրել երկու սլաքով՝ այս կողմում Հայաստանն է, մյուս կողմում՝ Ադրբեջանը։ Խոսքը ընդամենը քարտեզների հետ աշխատելու մասին է՝ բայց ախր, դա երևի թե ամենաբարդ գործն է։
Միանգամից էլ հարց է ծագում՝ որո՞նք են այդ քարտեզները։ Էստեղ ամեն ինչ անորոշ է։ Ճիշտ է, Պրահայում կայացած հանդիպումից հետո երկու ղեկավարները հայտարարեցին, որ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1991 թվականի ԱՊՀ-ի հռչակագիրը։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները գոնե առայժմ հստակ ու միանշանակ պատասխան չեն տվել՝ արդյոք պատրա՞ստ են ճանաչել Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Ի՞նչ եք կարծում ՝ մի՞թե սա բավարար չէ ենթադրելու համար, որ Ադրբեջանն ի վերջո հիմք է համարելու միայն ու միայն իր վիճահարույց քարտեզները, որոնք հայաստանցի մասնագետներն ուղղակի «կեղծ» են անվանում։
Այսպես ասած՝ «քարտեզային վեճը» դեռ սկիզբն է։ Հետո գալու է անկլավների՝ առանձնատարածքների հերթը։ Այնուհետև ծագելու է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվորականների դուրսբերման մեխանիզմի մշակման պրոբլեմը։ Եվ այլն, և այլն… Ու կասկած չկա՝ սահմանների վերաբերյալ բանակցությունների այս բոլոր փուլերում Ադրբեջանը հանդես է գալու ուժի դիրքերից։
Կներե′ք, նման պայմաններում ինչպե՞ս է դելիմիտացիան կատարվելու երկուսուկես ամսվա ընթացքում այն դեպքում, երբ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան շարունակվում են ուղիղ 20 տարի, և այդ ընթացքում հաջողվել է ավարտել աշխատանքների միայն 70 տոկոսը։
Այս երկու հանրապետությունների միջև սահմանի ավելի քան 300 կիլոմետրը մինչև հիմա չի հստակեցվել։ Ընդ որում, սրանք ամենաբարդ հատվածներն են, որտեղ գտնվում են կենսական նշանակություն ունեցող մի քանի տասնյակ օբյեկտներ՝ հիդրոէլեկտրակայաններ, ջրամբարներ, ճանապարհներ և արոտավայրեր։
Մի ժամանակ դրանց պատկանելության շուրջ ընդամենը կենցաղային կամ տեղական վեճեր էին ծագում, այժմ դրանք վերաճել են միջպետական ռազմական հակամարտության, որը գնալով ավելի ու ավելի է թեժանում։ Անցած տարվա գարնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 55 մարդ։ Այս տարվա սեպտեմբերյան առճակատումը վերածվեց իսկական պատերազմի՝ տանկերով, հրթիռներով, ականանետներով և անօդաչու թռչող սարքերով։ Զոհերի թիվը գերազանցեց հարյուրը։
«Հավաստի աղբյուրի» բացահայտումները. իրականությո՞ւն, թե՞ քննարկման ակնկալիք
Ընդ որում, թե′ Տաջիկստանը, թե′ Ղրղզստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են, իսկ ռազմական գործողությունների ժամանակ երկու նախագահները՝ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը, Սամարղանդում մասնակցում էին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Եվ սա այն դեպքում, երբ երկու հակամարտող երկրների միջև օդային կապը չի գործում, իսկ քաղաքացիների մուտքը երկուստեք արգելված է։
Կարելի է ասել, որ ընդամենը մի բան է միավորում այս երկու պետություններին. երկուսն էլ տարակուսում են՝ լա′վ, ինչո՞ւ որևէ մեկը չի օգնում մեզ կարգավորել հակամարտությունը, ինչո՞ւ ոչինչ չի արվում լայնածավալ պատերազմը կանխելու համար։
Իհարկե, հազար ու մի պատճառ կարելի է գտնել հիմնավորելու համար, թե ինչու են անուշադրության մատնվում հետխորհրդային տարածքում տեղի ունեցող զարգացումները։ Բայց միգուցե այն հանգամանքը, որ դրանք ավելի ու ավելի վտանգավոր և անկանխատեսելի են դառնում, վերջապես կստիպի լրջորեն մտածել՝ ինչպե′ս անել, որ դելիմիտացիան գոնե չսրի հակամարտությունը, իսկ խաղաղության պայմանագիրը իսկապես նշանավորի խաղաղության դարաշրջանի սկիզբը։