ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Պետական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը քննարկվել են հայ-բուլղարական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում։
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության նախագահների հանդիպումը
© Photo : official site of the President of RA
«Երկու երկրների նախագահներն անդրադարձել են անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի`ընդգծելով, որ առանց կայուն ու տևական խաղաղություն հաստատելու զարգացում ապահովելը դժվար կլինի»,– նշված է հաղորդագրությունում։
Հանդիպման ավարտին Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին հայտարարություն։
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության նախագահների հանդիպումը
© Photo : official site of the President of RA
Ստորագրվել է նաև հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ հիմնադրելու մասին հուշագիր․ հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Այնուհետև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, այդ թվում՝ կայուն զարգացման, «կանաչ» անցման ուղղություններին:
Սոֆիայի քաղաքապետը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Սոֆիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:
Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության նախագահների հանդիպումը
© Photo : official site of the President of RA