ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր

ԱՄՆ կոնգրեսականները վստահ են, որ ԱՄՆ–ն տարածաշրջանում դեր ունի խաղալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ կոնգրեսականները դեմ են ներխուժմանն ու պահանջում են, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր։ Այսօր Երևանում նման հայտարարություն արեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը։
«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ–ն դեր ունի խաղալու այստեղ` այս երկարատև հակամարտությանը կարգավորված լուծում տալու համար»,– հայտարարեց կոնգրեսականը այսօր ՀՀ ԱԺ–ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Անդրադառնալով Ադրբեջանին ԱՄՆ–ի տրամադրած ռազմական օգնությանը` Դեյվիդ Փրայսը հայտարարեց` Հայաստանը կարող է վստահ լինել, որ այդ օգնությունը չի կիրառվելու իր դեմ։
«Մենք ուսումնասիրել ենք մեր օգնությունը ադրբեջանին ու համոզվել ենք նրանում, որ այդ օգնությունը երբեք չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»,–ասաց կոնգրեսականը։
Դեյվիդ Փրայսն ընդգծեց Մինսկի խմբի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ու վստահեցրեց, որ ԱՄՆ–ն պատրաստ է ներգրավվել բազմակողմանի բանակցություններում։
«Մենք չենք ուզում, որ որևէ երկիր ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դերը։ Մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա»,– նշեց նա։
Հիշեցնենք` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ` հոկտեմբերի 17–ին։
Այսօր կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաերդի հուշահամալիր, հյուրընկալվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։