Ադրբեջանը հայկական կողմից կրակոցների իմիտացիա է ստեղծում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` նախ կրակելով իրենց, հետո միայն հայկական դիրքերի ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայկական կողմից կրակոցների իմիտացիա են ստեղծում` փորձելով արդարացնել հրադադարի խախտման սեփական նախաձեռնությունները։
Նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
«Այդպիսով Ադրբեջանի ԶՈւ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: