ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը հետաքրքրել է միայն ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին, որը առաջիկայում կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազի պաշտոնում։ Գրում է «Փաստինֆոն»։
«ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ ստացել են Հայկ Գրիգորյանի դիմումը՝ նշելով, թե այդ պաշտոնի նկատմամբ միայն Հայկ Գրիգորյանն է հետաքրքրություն ցուցաբերել»,–նշում է լրատվամիջոցը։
Պարզվում է դեռևս 2022թվականի սեպտեմբերի 20-ին դատախազությունը մրցույթ է հայտարարել՝ զինդատախազի պաշտոնի համար, իսկ հայտարարությունը տեղադրվել է դատախազության պաշտոնական կայքում:
«Այն բաց է եղել մրցույթի պահանջներին համապատասխանող ցանկացած թեկնածուի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ.-ի սեպտեմբերի 27-ը: Գլխավոր դատախազությունը մեկ դիմում է ստացել. դիմումատուն Հայկ Գրիգորյանն է»,- նշել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ստացվում է, հայտարարված մրցույթով բացառապես Հայկ Գրիգորյանն է «հետաքրքրվել», որն էլ ավտոմատ՝ առանց մրցույթի կնշանակվի պաշտոնում՝ համապատասխան բարեվարքության ստուգումից հետո։
Հավելենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Վահե Հարությունյանը պաշտոնավարել է 2017թ. մարտի 23-ից մինչև 2022-ի սեպտեմբերի 16-ը։