ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հնարավոր է համարել, որ երկրի իշխանությունը վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար. որոշումը պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նա նման կարծիք է հայտնել Քիշնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ կոչ էին արել իշխանությանը վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար, որ մինչև երեք ամիս սահմանափակեն երկրում նրանց գտնվելու ժամկետը: Վրաստանը ՌԴ-ի հետ առանց վիզայի ռեժիմ է սահմանել 2012 թվականին։
«ՌԴ քաղաքացիները, որոնք հայտնվել են Վրաստանում, դա սադրանք է, չեմ կարող ասել, որ դա վտանգ է, բայց դա ակնհայտորեն մարտահրավեր է։ Հնարավոր է, որ պետք է խոսել նաև ՌԴ քաղաքացիների համար վիզաների մասին, քանի որ այժմ ամեն ինչ բավականին լիբերալ է, այդ որոշումը պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը՝ հասարակության հետ», - ասել է Զուրաբիշվիլին Քիշնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Նրանց թվում կան Վրաստանի նախկին քաղաքացիները, որոնք Վրաստան են ժամանել Ռուսաստանի իրադրության պատճառով։ Բայց կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք տարբեր պատճառներով Վրաստան են գալիս։ Այստեղ կարևորն այն է, որ հանրությունը վստահ լինի, որ օգտագործվում են վերահսկողության բոլոր մեխանիզմները, որ վտանգ չառաջանա։ Կարծում եմ, որ դրա համար ավելի շատ շփումներ ու ավելի շատ իրազեկում է պետք մեր հասարակությանը, որ բոլոր հնարավոր սպառնալիքներն ու հարցերը իրապես դիտարկվեն իշխանության կողմից, ու բոլոր միջոցները ձեռնարկվեն», - ավելացրել է Զուրաբիշվիլին։
Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները կիրառում են վերահսկողության բոլոր մեխանիզմները, որ տեղի բնակիչների համար ոչ մի վտանգ չլինի:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-26-ը Ռուսաստանից Վրաստան է ժամանել մոտ 78 հազար ռուսաստանցի, մեկնել է ավելի քան 62 հազարը: