ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը, հայտնում է երկրի կառավարության կայքը:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են մի շարք ռուս լրագրողներ։ Միջոցառումներն անդրադարձել են, ի թիվս այլոց, TNT հեռուստաալիքի տնօրենի պաշտոնակատար Թինա Կանդելակիին, ինչպես նաև «Ռոսիա» հեռուստաալիքի մարզական մեկնաբան և գլխավոր տնօրենի խորհրդական Դմիտրի Գուբերնիևին:
Բացի այդ, Կանադան պատժամիջոցներ է սահմանել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցի, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովի, «Ռոսիա» հեռուստաալիքի հաղորդավար Մարիա Սիտտելի, ինչպես նաև «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի դեմ:
Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նոր ցուցակում հայտնվել են 34 ֆիզիկական և մեկ իրավաբանական անձ։
Հիշեցնենք` Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։