ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ԵՄ երկրների արտգործնախարարները հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամությունը, եթե Ուկրաինայում լարվածությունը շարունակվի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։
«ԵՄ-ի արգործնախարարների խորհրդի անդամները հիշեցրել են, որ ցանկանում են պատրաստ լինել հարկ եղած դեպքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունելու, եթե այն շարունակի էսկալացիան (Ուկրաինայում), թեև մենք հուսով ենք, որ դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Կոլոնան Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտին:
Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցրել մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն հարթության մեջ է դրել ամենատխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ, և «այդ կարգի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»:
Հարվածներ են հասցվում ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին` Խարկովից ու Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումներ առաջացնելով: