Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Հայ–թուրքական հաշտեցման գործընթաց. Արխիվային լուսանկար
Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականները Եվրո-2024-ում կխաղան նույն խմբում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այս մասին ասել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովստին։
Հոկտեմբերի 9-ին կայացել է Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները:
«Մարտին Հայաստանում և սեպտեմբերին Թուրքիայում կկայանան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները: Մեր հավաքականը կմեկնի Երևան, գուցե նաև մենք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այս գործընթացը պետք է արվի` չտրվելով սադրանքներին», - հայտարարել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձ էր ձեռնարկել 2009թ.-ին` Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման պատրվակով։ Այդ նախաձեռնությունը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Արդյունքում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին արձանագրություն` երկու երկրների միջև առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Արձանագրությունները չեղյալ հայտարարվեցին միայն 2018 թվականի մարտի 1-ին. խորհրդարանները չէին վավերացրել դրանք։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։