ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքով, իսկ փաստաբան էրիկ Ալեքսանյանին՝ օժանդակություն կատարելու համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, իսկ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար էլ իրավապահները դիմել են ԲԴԽ–ին` թույլտվություն ստանալու նպատակով, որից հետո ԲԴԽ–ում այդ հարցով նիստ է գումարվել։ Նշենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ փաստաբանի ու դատավորի մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։
«Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել գրավի միջնորդություն հարուցելու համար։ Այսինքն՝ Ալեքսանյանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է, իսկ ԱԱԾ-ի վարկածով ակնհայտ անարդար դատական ակտ է կայացվել Արուսյակ Ալեքսանյանի կողմից, իսկ Էրիկ Ալեքսանյանը օժանդակել է հանցանքի կատարմանը՝ միջնորդություն հարուցելով»,- նշեց Կոչուբաեւը։
Ըստ փաստաբանի՝ մեղադրանքն առնվազն ծիծաղելի է, ու դա Էրիկ Ալեքսանյանին լռեցնելու փորձ է։