ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Մոլդովայի բարձրագույն դատական պալատը հավանություն է տվել դատախազների հարցմանը և նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 30 օրով։
Նախկին նախագահին առաջադրված մեղադրանքի համաձայն` նա կասկածվում է Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ, օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկից մինչև 1 մլն դոլար կաշառք ստանալու համար։ Իբրև թե այդ գումարը նախկին նախագահը պահանջել է Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության (ՄՀՍԿ) ընթացիկ ծախսերի համար։
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները մայիսի 24-ին ձերբակալել են Դոդոնին, որին իշխանությունները կասկածում են պասիվ կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության հաշվին կուսակցության ֆինանսավորման և հայրենիքին դավաճանության մեջ:
Նախկին ղեկավարի տանը խուզարկություններ և քննչական միջոցառումներ են իրականացվել։ Հաջորդ օրը նրան պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել, այդ ժամանակից ի վեր Դոդոնը տնային կալանքի տակ է։