ՀԿԽ–ը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին

«Սուրմալուն» պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900 ՀՀ դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայկական Կարմիր խաչ ընկերությունն (ՀԿԽԸ) այսօր դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: Տեղեկությունը հայտնում է ՀԿԽԸ մամուլի ծառայությունը։
«ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա` տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամները ստացան միանվագ դրամական աջակցություն ՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900 ՀՀ դրամ:
Նշվում է, որ դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Հիշեցնենք, որ դեռ օգոստոսի 24-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ «Սուրմալուի» տնտեսվարողները կառավարությունից փոխհատուցում չեն ստանա։ Նա նշել էր, որ եթե «Սուրմալուում» աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, ապա կրած վնասների դիմաց փոխհատուցում կստանային։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, մեկ մարդ համարվում է անհետ կորած։