Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ. ՊՆ

ՀՀ ՊՆ շենքը. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:
Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչությունը շեշտում է՝ հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները. հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել:
Հավելենք՝ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հայկական կողմը լրացուցիչ ուժեր ու սպառազինություն է ավելացրել իրենց դիրքերից մեկի մոտ։