Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին. Փաշինյան

ՀՀ վ արչապետը դարձյալ Ադրբեջանին հիշեցրել է Նախիջևանի հետ ցամաքային կապն ապահովող 3 անցակետերի բացման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծն արդեն մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է Հայաստանում։
Այս մասին այսօր Ttwitter-ում կատարած գրառման մեջ հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,– գրում է Փաշինյանը։
Նույնաբովանդակ հայտարարությամբ ՀՀ վարչապետը հանդես էր եկել հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ պետությունների առաջնորդների նիստում։
«Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու` Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»,– ասել էր Փաշինյանը։
Անցակետերի տեղադրման պատրաստակամության մասին ՀՀ վարչապետն առաջին անգամ հայտարարել էր օգոստոսի 4-ի կառավարության նիստում` հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է` Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։
«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է։ Մենք պատրաստ ենք. թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք երաշխավորում ենք այդ հատվածի անվտանգությունը»,- ասել էր Փաշինյանը` պարզաբանելով, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել ինչպես Ղազախ-Բերդ, այնպես էլ Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Երասխի հատվածներում։
Նա նաև հայտնել էր, որ այդ հատվածներում վաղուց մաքսակետեր են տեղադրված, բայց Ադրբեջանը երբևէ չի փորձել դրանցից օգտվել։