Հայ-ադրբեջանական սահմանի դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի 400 հոգուց

Գեղարքունիք. Սոթք. Արխիվային լուսանկար
Առաջին դիտորդները հայ-ադրբեջանական սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Լյուքսեմբուրգում այսօր նախանշված է ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի նախատեսված է քննարկել նաև հայ-ադրբեջանական կարգավորումը։
Ակնկալվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարները կանաչ լույս կվառեն հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական առաքելության համար։
«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ Սպասվում է, որ երկուշաբթի նախարարները կհաստատեն այդ առաքելությունը», - հայտնել է ԵՄ ներկայացուցիչը։
Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան, նախնական փուլում նախատեսվում է սահմանին տեղակայել շուրջ 400 դիտորդներ։ Հայտնի է նաև, որ առաջին դիտորդները հայ-ադրբեջանական սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
«Մենք անձնակազմը կվերցնենք Վրաստանում մեր առաքելությունից՝ խնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է ԵՄ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14–ին Երևան է ժամանել ԵՄ տեխնիկական առաքելությունը, որի խնդիրն է հոկտեմբերի վերջին հայկական կողմում եվրոպական դիտորդների տեղակայման նախապատրաստումը։
ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման առանցքային հարցը լինելու է ԵՄ-ի տարածքում ուկրաինական բանակի համար ուսումնական առաքելություն սկսելու որոշումը։ Դրանում նախատեսվում է շուրջ 12 000 զինվորականի վերապատրաստում իրականացնել։
Ուկրաինացի զինվորականներին կսովորեցնեն կառավարել Կիևին մատակարարվող սպառազինության համակարգերը, ինչպես նաև դիպուկահարների հմտություններ, ականազերծման և բժշկական օգնություն։
Առաքելության նախնական ժամկետը 2 տարի է։ ԵՄ-ում, սակայն, չեն բացառում, որ այն հետագայում կերկարացվի ու կհամալրվի նոր վերապատրաստվողներով։
Ինչպես նախօրեին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները մտադիր են հաստատել ուսումնական առաքելության որոշումը, որը նախատեսվում է մեկնարկել նոյեմբերի կեսին։
Հանդիպման կարևոր թեմաներից է նաև ԵՄ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ` աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին։