ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Բացահայտվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի համապատասխան բաժնի առաջին կարգի մասնագետ Է. Վ.-ն 2022 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Կենտրոն վարչական շրջանում առևտրային գործունեությամբ զբաղվող Հ. Հ.-ի, Ա. Ս.-ի, Լ. Մ.-ի և Ս. Հ.-ի կատարած իրավախախտումները չարձանագրելու և նրանց պատասխանատվության չենթարկելու համար հիշյալ անձանցից պահանջել և ստացել է կաշառք:
Մասնավորապես՝ Է. Մ.-ն Ս. Հ.-ից, Հ. Հ.-ից և Լ. Մ.-ից բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցման միջոցով 2022 թվականի հունիսից օգոստոսը ներառյալ պարբերաբար ստացել է 10.000-25.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Է. Վ.-ն 2022 թվականի հուլիսի 11‑ին Ա. Ս.-ից առձեռն ստացել է 493.152 ՀՀ դրամին համարժեք 1200 ԱՄՆ դոլար կաշառք:
Է. Վ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված` ապօրինի անգործության համար կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածանքով:
Ձերբակալվել են նաև Հ. Հ.-ն, Ա. Ս.-ն, Լ. Մ.-ն և Ս.Հ.-ն: Նախաքննությունը շարունակվում է: