Չավուշօղլուն ասել է, որ պատրաստ է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հատուկ բանագնացների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում կայացած ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։
Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ վարել երկու երկրներում։
«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը` շեշտելով, որ թուրքական կողմը միշտ պատրաստ է նման հանդիպման։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ երկու նախարարների հանդիպում տեղի է ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, ուստի իրենք որևէ խնդիր չեն տեսնում այդ ֆորմատով շփումները շարունակելու համար։
Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու