Ադրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի սեփական խախտումները. ՀՀ վարչապետ

Հայկական ու ադրբեջանական դիրքեր. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ադրբեջանի պահվածքը պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանին է վերագրում հրադադարի ռեժիմի սեփական խախտումները, թվիթերյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար»,– գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է նաև միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանների անվտանգության համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել` նշելով որ սահմանին հայկական կողմի բոլոր քայլերը, որ իրականացվել են ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։