ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մեկ օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ-ն շարունակել է օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին և էներգետիկայի համակարգին։ Հարվածները հասել են իրենց նպատակին։ Բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուսական զորքերը հետ են մղել ուկրաինական զորքերի գրոհները Անդրեևկայի ու Նիկոլաևի ուղղություններով, ոչնչացվել են մինչև 45 ուկրաինացի զինծառայողներ, «Զոոպարկ» կայանքի չորս ռադիոլոկացիոն կայաններ և ամերիկյան AN/TPQ-36 կայան։
Խարկովի մարզի Զագրիզովո բնակավայրի շրջանում ոչնչացվել է ամերիկյան երեք M777 հաուբից:
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինական կառավարման երեք կետ, ոչնչացրել զինամթերքի հինգ պահեստ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 234-րդ օրը։