ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ մամուլի օրվա կապակցությամբ հղած ուղերձում։
«Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն»,-մասնավորապես նշված է ուղերձում։
Նիկոլ Փաշինյանն ուղերձի վերջում արդյունավետ գործունեություն է մաղթել լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր: