ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն Կիևի և մարզի բնակիչներին հորդորել է խնայել էլեկտրաէներգիան։
Ավելի վաղ «Ուկրեներգո» ազգային էներգետիկ ընկերությունը հայտնել էր, որ հրթիռային հարվածի ժամանակ վնասվել է Կիևի մարզում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքը։
Տիմոշենկոն ասել է, որ էներգետիկ ենթակառուցվածքի գնդակոծությունը լուրջ հետևանքներ է ունեցել։
«Իմ խնդրանքը միանշանակ պարզ է՝ Կիևի և Կիևի մարզի բնակիչներ, խնդրում եմ` այսօր ժամը 17:00-ից մինչև 23:00-ն հնարավորինս սահմանափակեք էլեկտրաէներգիայի օգտագործումը»,- գրել է Տիմոշենկոն Telegram–ում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտնել էր, որ բարձր ճշգրտության զենքերով զանգվածային հարվածներ են հասցվել ուկրաինական ենթակառուցվածքների վրա։
Ռուսական հարվածներից հետո այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի տարբեր շրջաններում էլեկտրամատակարարման տատանումներ էին առաջացել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ բարձր ճշգրտության զենքերով հասցված հարվածները հասել են իրենց նպատակակետին։