Շվեյցարիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Շվեյցարիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատվիրակության անդամները գրառումներ են արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը, որոնք Հայաստան են եկել աշխատանքային այցով, այսօր այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Տեղեկությունը հրապարակվել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։
Շվեյցարիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատգամավորներին ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
Շվեյցարիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Շվեյցարիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Պատվիրակության անդամները գրառումներ են արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Հնդկաստանի ԱԳ փոխնախարար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունը։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։