ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին, հաշվարկ էր անում հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների վրա։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն իբր օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։
«Նա պատմում է, թե Ֆրանսիան որքան է սիրում Հայաստանին։ Ավելի քան պարզ է, որ նա հաշվարկ է անում հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների վրա։ Նա փորձում է իմաստուն և ազնիվ երևալ, սակայն հիշենք, թե ինչպես էր ավելի քան կես դար՝ 1960-ականների վերջից սկսած, իրեն դրսևորում Ֆրանսիան իր նախկին գաղութներում, դրա պատճառով արյան ինչ գետեր են թափվել Մալիում, Ռուանդայում, Կոնգոյում, Ալժիրում։ Ինքը՝ Մակրոնը, մի անգամ աֆրիկացիներից ներողություն է խնդրել տուտսիների ցեղասպանության համար, որն իրագործվել է քաղաքակիրթ Ֆրանսիայի օժանդակությամբ»,- գրել է Մեդվեդևը «ВКонтакте» սոցցանցի իր էջում:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը կարծում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության մասին Ֆրանսիայի նախագահի «այլասերված և անընդունելի» հայտարարությունը կարելի է բացատրել իրականության թերի ընկալման հանգամանքով։
Ըստ նրա՝ սա եվրոպական քաղաքականության սիրելի մեթոդն է՝ հիվանդ գլխով մեղադրել առողջին։ Մեդվեդևը Մակրոնի հայտարարությունը անվանել է ավելի քան ոչ կոռեկտ, գռեհիկ, բայց միանգամայն հասկանալի «իրականության թերի և անհասկանալի ատլանտյան ընկալման տեսանկյունից»: