ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները` պաշտպանության նախարարությունը որոշել է մարտական հրաձգության դասընթացներ կազմակերպել, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։
«Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին: Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։ Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով»,– ասված է հաղորդագրությունում։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09։00-18։00, կամ գրանցվել առցանց։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 13–ին կառավարության նիստում ասել էր, որ գերատեսչությունը որոշել է զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն տալ կանանց։ Նրա խոսքով` նախարարությունը կանանցից նման խնդրանքով բազմաթիվ նամակներ է ստանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծել էր, որ զենքին տիրապետելն անհրաժեշտ գիտելիք է, որը ոչ մեկի համար ավելորդ չէ։