ՀՀ դեսպանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հանցագործությունները

Հասմիկ Տոլմաջյանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը
Հանդիպման ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձել է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին ու նրան ներկայացրել Հայաստանի դեմ ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործությունները։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձել է ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։

«Ընդգծվել է միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։