Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նիստ կազմակերպել Բրյուսելում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախորդ նիստը կայացել էր Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ կազմակերպել Բելգիայի մայրաքաղաքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրառում է արել Twitter–ում։
«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ կազմակերպել հոկտեմբերի 31-ին Բրյուսելում»,– գրել է նա։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի ունեցավ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստն անցկացվեց օգոստոսի 30-ին Մոսկվայում։