Առաջարկվում է ՀՀ–ում առողջության ապահովագրության փուլային համակարգ ներդնել մինչև 2027թ.-ը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը:
Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով:
«Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար: Մասնավորապես, առաջարկվում է այն ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից և պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներ»,–ասել է նախարարը։
Նրա խոսքով` ակնկալվում է ստեղծել ապահովագրական այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակի ու հասանելիությամբ առողջապահական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական դրությունից:
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են ապահովագրության համակարգի առողջապահական ու ենթակառուցվածքային չափանիշներին, ֆինանսական գնահատականին, կառավարման մեխանիզմներին, պետության ներգրավվածության շրջանակին, ապահովագրավճարի չափին, ներդրման ռիսկերին առնչվող և այլ հարցեր, ներկայացվել են առաջարկներ:
Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և լրամշակել նախագիծը:
Հիշեցնենք` Ավանեսյանն ավելի վաղ ասել էր, որ առողջության համափարպակ ապահովագրության հայեցակարգը և դրանից բխող օրենսդրական ակտերը Հայաստանում կընդունվեն մինչ 2023թ-ը։