Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանման զինծառայողներ. արխիվային լուսանկար
Ադրբեջանական ստորաբաժանման զինծառայողներ. արխիվային լուսանկար
Ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ են կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերը կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ–ի` այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։