«Ստահոդ հայտարարություններ են». Ալիևը պատասխանել է Մակրոնին

Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահը փորձել է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույց է տվել «France 2» հեռուստաալիքի «l ' Événement» հաղորդմանը, անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտությանը և Ռուսաստանին մեղադրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը նպատակաուղղված սրելու մեջ։
«Պրահայում կայացած հանդիպումից (Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրախորհրդի ղեկավարի) ընդամենը մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը հանդես եկավ վիրավորական, անընդունելի, ստահոդ և սադրիչ հայտարարություններով։ Այդ հայտարարությունների մեջ նա Ադրբեջանին մեղադրում է սարսափելի պատերազմ սանձազերծելու մեջ, մանիպուլյացիայի ենթարկելով փաստերը՝ փորձում է մոլորության մեջ գցել Ֆրանսիայի և համաշխարհային հանրությանը»,– ասել է Ալիևը։
Ադրբեջանի առաջնորդի խոսքով՝ Մակրոնի ելույթում Մոսկվայի հասցեին «տենդենցիոզ հայտարարություններ» են եղել։
«Մենք կտրականապես դատապարտում ենք նման հայտարարությունները, և եթե Ֆրանսիայի կառավարությունը նման վերաբերմունք ունի, ապա հնարավորություն չենք տեսնում, որ հետագայում Ֆրանսիան որևէ դեր խաղա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- հայտարարել է Ալիևը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըը հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: