ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Շվեդիան, Դանիան և Գերմանիան հրաժարվել են «Հյուսիսային հոսքում» տեղի ունեցած դիվերսիայի համատեղ հետաքննությունից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով գերմանական ARD հեռուստառադիոընկերությանը: Նշվում է, որ այժմ երկրներից յուրաքանչյուրը սեփական հետաքննությունը կանցկացնի։
«Շվեդիան, Դանիան և Գերմանիան ցանկանում էին համատեղ հետաքննել խողովակաշարերի ոչնչացումը, պարզել, թե ով է պատասխանատու դրա համար։ Սակայն դա, այնուամենայնիվ, տեղի չի ունենա»,- հայտնել է ARD-ը։
Նշվում է, որ համատեղ քննչական խումբն այլևս գոյություն չունի։ ԶԼՄ-ների տվյալներով՝ սկզբում Շվեդիան է դուրս եկել համատեղ քննչական խմբի կազմից, այնուհետև Դանիան։ Նշվում է, որ Շվեդիան մտահոգություններ ունի՝ կապված գաղտնիության հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունները հայտարարել են, որ գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք-1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք-2»–ում։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։
«Հյուսիսային հոսք-1»–ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։
Կրեմլը տեղի ունեցածը որակել է «աննախադեպ դիվերսիա, ըստ էության միջազգային ահաբեկչություն»։
Հոկտեմբերի 3-ին «Գազպրոմը» հայտնեց, որ գազամուղների վնասված հատվածներում ճնշումը կայունացել է, գազի արտահոսքերը դադարել են, «Հյուսիսային հոսք–2»–ի ևս մեկ ճյուղից գազը դուրս է մղվում դրա ամբողջականությունը ստուգելու համար: Շվեդիայի առափնյա պահպանությունը նույն օրը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսքը շարունակվում է և նույնիսկ մի քիչ ավելանում։
Նշենք, որ «Հյուսիսային հոսքի» աշխատանքը դադարեցվել է օգոստոսի վերջից՝ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝ «Siemens» տուրբինների վերանորոգման խնդիրների պատճառով։
Սակայն գազատարը լցված էր վառելիքով։ 2021 թվականին ավարտին հասցված, սակայն այդպես էլ շահագործման չհանձնված «Հյուսիսային հոսք–2»–ը ևս արդեն լցված էր գազով։
ՌԴ գլխավոր դատախազությունը միջազգային ահաբեկչության վերաբերյալ քրեական գործի հարուցում է նախաձեռնել։