ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը խոստանում է ակտիվանալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով Ռուսաստան կատարած այցի որոշ մանրամասներ։
«Մենք սպասում ենք և ակնկալում ենք ՌԴ–ի կողմից ավելի լայն ներգրավվածություն այս պրոցեսին»,–ասաց Սիմոնյանը` հավելելով, որ հայ–ադրբեջանական սահմանին խաղաղապահ առաքելության տեղակայման մասին Ռուսաստանի առաջարկին Հայաստանը դեմ չէ։
ԱԺ նախագահը շեշտեց, որ բացի այդ, Ռուսաստանը նաև այլ տարբեր ֆորմատներ է առաջարկել, որոնց Հայաստանը տվել է իր համաձայնությունը։
«Դա Ադրբեջանն է, որ, օրինակ, Ռուսաստանի խաղաղապահների մանդատը Արցախում մինչ օրս չի ստորագրել։ Եկեք դա չմոռանանք, և ո՞րն է այդ դեպքում մեր ռուսաստանցի գործընկերների արձագանքը։ Նաև ՀԱՊԿ–ի հետ կապված խոսակցություն եղավ Ռուսաստանում, որ ես քննադատել եմ, ես ասել եմ` այո՛, մենք ՀԱՊԿ–ից սպասում ենք ավելի կտրուկ գործողություններ, և մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ–ը կարող է լքել տարածաշրջանը։ Հարցն այն է` արդյոք այդ մտավախությունը ճիշտ է, թե ոչ։ Մեզ ասում են` ՀԱՊԿ–ից դուրս եկեք, իսկ գուցե ՀԱՊԿ–ն արդեն դուրս է եկել մեր տարածաշրջանից, բայց մենք չգիտե՞նք»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հայտնեց, որ այս հարցերի պատասխանները պահանջել է ռուսական կողմից, բայց նոր պատասխան չի ստացել։
Խոսելով ԵՄ առաջարկած սահմանի դիտարկման քաղաքացիական առաքելության մասին` Սիմոնյանը շեշտեց, որ Հայաստանը դեմ չէ, որ այն իրականացվի ՀԱՊԿ–ի հետ համատեղ։
«Թող գան, սահմանի ողջ երկայնքով կանգնեն ու ադրբեջանական կողմի սադրանքները դիտարկեն` ով է հրահրում, ով է պատասխանում սադրանքներին»,– ասաց նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը` Սիմոնյանի գլխավորությամբ, հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր: