Պուտինը ոչ կոռեկտ է համարում Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի և Ռուսաստանի մասին

Ռուսաստանի նախագահը ենթադրել է, որ Ֆրանսիայի նախագահը տեղեկացված չէ ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին:
Ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստում ՝ Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Ֆրանսիայի նախագահի որոշ մտքեր, որոնք հնչել են Պրահայի հանդիպման արդյունքներով:
ՌԴ նախագահը կարծում է, որ այդ խոսքերում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ընկալումը, բացակայում է կողմերի դիրքորոշման մասին տեղեկատվությունը:
<...Այդ պատճառով էլ դրանք հնչել են ոչ կոռեկտ կամ խեղաթյուրված, ուստի անընդունելի են»,- նշել է ՌԴ նախագահը:
Նա ենթադրել է, որ հնարավորություն կլինի հարցը քննարկել անձամբ Ֆրանսիայի նախագահի հետ։
Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում ՝ կապված Ղարաբաղի հետ։
«Իհարկե մենք ողջունում ենք որևէ մեկի միջնորդական ջանքերը, կարևորը, որ դրանք նպաստեն իրավիճակի հանդարտեցմանը, լինեն չկարգավորված հակասությունների և հակամարտությունների բոլոր մասնակիցների օգտին»,–ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրոյցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ «Ռուսաստանն օգտվել է այդ հակամարտությունից, միջամտել և ակնհայտորեն խաղացել է Ադրբեջանի խաղը Թուրքիայի մասնակցությամբ, իսկ հետո վերադարձել է այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանին»: