Պուտինը Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահն իր առաջարկը ներկայացրել է Աստանայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել Ռուսաստանում: ՌԴ նախագահն այդ մասին ասել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը մեկնարկել է Աստանայում։
Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ բազմիցս հանդիպել են եռակողմ ձևաչափով: Նրա խոսքով՝ վատ չէր լինի նորից հավաքվել։
«Ես սիրով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին։ Խնդրեմ, մենք կարող ենք համաձայնեցնել օրը։ Հուսով եմ` հետաքրքրվածություն կա։ Հանդիպենք Ռուսաստանի ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում»,- հավելել է նա։
Հիշեցնենք` որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։