ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի զրույցի օր դեռ նշանակված չէ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինն այսօր Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ ոչ կոռեկտ էր անվանել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանի դերի մասին և նշել, որ հնարավորության դեպքում կքննարկի այդ հարցը ֆրանսիացի գործընկերոջ հետ:
«Ժամկետ առայժմ չկա», - ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է Մակրոնի հետ խոսակցություն տեղի ունենալ, և արդյոք այն արդեն ծրագրված է:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրոյցում անդրադարձել էր հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Ռուսաստանն օգտվել է այդ հակամարտությունից, միջամտել և ակնհայտորեն խաղացել է Ադրբեջանի խաղը Թուրքիայի մասնակցությամբ, իսկ հետո վերադարձել է այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանին»: