Պետք է առավելագույնս օգտագործել բարի կամքը. Պուտինը՝ ԱՊՀ–ում հակամարտությունների մասին

Մոսկվան ողջունում է ցանկացած միջնորդական ջանք, եթե միայն դա նպաստի իրավիճակը հանդարտեցնելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հակամարտությունների լուծման գործում պետք է առավելագույնս օգտագործել բարի կամքը։ Այս մասին Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` չնայած ԱՊՀ շրջանակներում ողջ դրական փոխազդեցությանը, պետք է հասկանալ, որ, ցավոք, երբեմն ի հայտ են գալիս տարաձայնություններ և հակամարտություններ։

«Իհարկե մենք ձգտում ենք ելք փնտրել բոլոր դժվարին իրավիճակներից, որտեղ էլ այն լինի: Իմ կարծիքով` բոլորն ունեն բարի կամք, և այդ բարի կամքը պետք է առավելագույնս օգտագործվի»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է ցանկացած միջնորդական ջանք, եթե միայն այն նպաստի իրավիճակի հանդարտեցմանը` ի շահ հակամարտության բոլոր մասնակիցների։ Սա վերաբերում է և՛ ԱՄՆ-ին, և՛ Եվրոպային։
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13-ին։