Պայմանավորվել ենք սահմանազատման գործընթացում հիմնվել ԱՊՀ փաստաթղթերի վրա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Ըստ ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի` խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը հիմնվելու է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։
«Պրահայում հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: