ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Այսօր Աստանայում ԱՊՀ պետությունների առաջնորդների նեղ կազմով նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է»,– նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ–ն պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին` Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է.
«Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։
Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան է մեկնել հոկտեմբերի 13–ին։