Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԵՄ առաքելությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը հեռախոսով են խոսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իրականացվելիք ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։