ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում չի կարող Արցախի մասին որևէ պահանջ լինել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելով ԼՂ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրում պետք է հիշատակում լինի Արցախի մասին:
«Ես չեմ կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրում պետք է որևիցե նման հիշատակում լինի, որովհետև դա նախ կարող է հայելային պահանջ կամ ցանկություն առաջացնել, և երկրորդ` Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել, և տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի և գուցե առ ոչինչ դարձնի հնարավոր կնքվելիք պայմանագիրը»,– ասաց Սիմոնյանը։
Փոխարենը, նրա խոսքով, Հայաստանն Արցախին առաջարկում է ինքնուրույն հանդես գալ բոլոր միջազգային հարցերում, բայց Հայաստանն էլ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցություններում։
«Եղել է առաջարկ, որտեղ Հայաստանն ու Արցախը առանձնացնելու տարբերակ է եղել, որտեղ Արցախը միայնակ պետք է մնար, մենք այդ տարբերակին չենք գնացել։ Մենք մեր հայրենակիցներին միայնակ չենք թողել երբևիցե»,– ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ չեն պատրաստվում բանակցել Արցախի հետ ու արցախահայերին էլ դիտարկում են Ադրբեջանի քաղաքացիներ, ԱԺ նախագահը հակադարձեց, որ մինչ օր էլ եղել են հարցեր, որոնց շուրջ Ադրբեջանը բանակցել է հենց Արցախի իշխանությունների հետ։ «Իրենք շատ հարցերում գտնվում են Արցախի իշխանությունների հետ մշտական ուղիղ կապի մեջ։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ Արցախի իշխանություններն այդ իմաստով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք»,– ասաց Սիմոնյանը` հավելելով, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները բնական են։
ԱԺ նախագահն այդ տրամաբանության մեջ բնական է համարում նաև արցախյան տեղանունները ադրբեջանական անվանումներով կոչելը։
Քանի դեռ չկա հստակ ստորագրված փաստաթուղթ, նրա կարծիքով, կողմերից յուրաքանչյուրն իր տեսակետն ու պատկերացումն է ներկայացնում։